Մայր Աթոռն արձագանքել է 10 եպիսկոպոսի հայտարարությանը, որտեղ նրանք քննադատել էին եպիսկոպոսների ժողովը չեղարկելու Էջմիածնի որոշումը։
Եպիսկոպոսները դեկտեմբերի 10-ին հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ ժողովը հետաձգվել է «չհիմնավորված պատճառաբանությամբ», բացի այդ՝ շեշտել, որ հավաքը հնարավորություն պետք է ստեղծեր բոլոր եպիսկոպոսներին իրենց տեսակետն արտահայտելու և փաստարկելու, սակայն բարձրացված լրջագույն հարցերը մնացել են անպատասխան։
Հայտարարությանն ի պատասխան՝ Մայր Աթոռը News.am-ին ցավ է հայտնել, որ եպիսկոպոսները Մայր Աթոռի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հարաբերությունները պահպանում են «սոսկ հայտարարությունների միջոցով, իսկ ներկայացվող «խնդիրների» արծարծումը շարունակում ոչ թե եկեղեցական մարմիններում, հայրապետի հետ հանդիպումներում, այլ բոլորովին այլ հարթակներում, բոլորովին այլ, հայտնի նպատակադրումներով»։
«Մայր Աթոռն սպառիչ կերպով բերել է հիմնավորումներ Եպիսկոպոսաց ժողովի հետաձգման, հանգամանքներ, որոնց ճնշող ներգործության ներքո ակնհայտորեն գտնվում են նաև վերջին հայտնի հայտարարությունների հեղինակ ներկայացող գերաշնորհ սրբազան հայրերը»,- ընդգծել են Էջմիածնից։
Մայր Աթոռը դեկտեմբերի 1-ին հայտարարել էր Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու մասին։ Ժողովին նախորդել էին կաթողիկոսի և հոգևորականների նկատմամբ իշխանությունների գործընթացները, եկեղեցուն առնչվող հայտարարությունները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Փաշինյանի հետ հանդիպումից հետո մի խումբ եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։ Հայտարարությունն ստորագրել էր Հայ Առաքելական եկեղեցու 10 հոգևորական։
Կարդացեք նաև՝





































