NASA-ն հայտնել է, որ «Արտեմիս II» լուսնային առաքելության շրջանակում չորս աստղագնացով Orion մարդատար տիեզերանավի թռիչքը նախատեսվում է ոչ ուշ, քան 2026 թվականի ապրիլ, գրում է «Ինտերֆաքս»-ը:
Տասնօրյա առաքելությամբ Լուսնի շուրջ թռիչքի կմեկնեն ամերիկացի աստղագնացներ Ռիդ Ուայզմանը, Վիկտոր Գլովերը, Քրիստինա Քոքը և Կանադայի տիեզերական գործակալության աստղագնաց Ջերեմի Հանսենը։
Տիեզերանավը գործարկվելու է Ֆլորիդայի Կանավերալի թերակղզում գտնվող Քենեդու տիեզերակայանից՝ ծանր քաշային Space Launch System հրթիռակրի միջոցով, որը նավը կհանի Երկրի ուղեծիր։
Սա կլինի Լուսին ուղղված առաջին մարդատար առաքելությունն ավելի քան 50 տարվա ընթացքում։ Աստղագնացները վայրէջք չեն կատարելու Լուսնի մակերեսին, սակայն կփորձարկեն SLS հրթիռակիրն ու Orion տիեզերանավը, որոնք ապագայում մարդկանց Լուսին կհասցնեն։
NASA-ին առանցքային փորձարկում է սպասվում 2027 թվականի կեսերին՝ «Արտեմիս III» առաքելության գործարկմամբ, որի շրջանակում նախատեսվում է երկու աստղագնացի վայրէջք Լուսնի հարավային բևեռի մոտ:






































