Հրապարակվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները: Նրանք են գիտնականներ Օմար Յաղին, Սուսումու Կիտագավան ու Ռիչարդ Ռոբսոնը, հայտնում է Reuters-ը:
Նրանք մրցանակին արժանացել են մոլեկուլային նոր կառուցվածքի մշակման համար, որի շնորհիվ ստեղծվել են նյութեր, որոնք կարող են օգնել լուծելու համաշխարհային մարտահրավերներ՝ կապված կլիմայի փոփոխության և քաղցրահամ ջրի պակասի հետ։
Երեք գիտնականն էլ աշխատել են մետաղ-օրգանական կառուցվածքներ (MOF-ներ) ստեղծելու ուղղությամբ։
Մրցանակաբաշխության հանձնաժողովը, նկարագրելով այս նյութերի «աննախադեպ հատկությունները», նշել է, որ դրանցից մի մասը առանձնանում է հսկայական մակերեսով: Հանձնաժողովը նշել է, որ այս նորարար նյութերը կարող են օգտագործվել նաև «հավիտենական քիմիական նյութերի»՝ միջավայրում երկարատև պահպանվող և վտանգավոր նյութերի վերամշակման կամ չեզոքացման համար։
Ավելի քան հարյուրամյա պատմություն ունեցող մրցանակը շնորհում է Շվեդիայի Թագավորական գիտությունների ակադեմիան։ Հաղթողները կիսում են 11 միլիոն շվեդական կրոն (մոտ 1,2 միլիոն դոլար) գումարը և ստանում գիտության աշխարհում ամենահեղինակավոր ճանաչում ունեցող մրցանակներից մեկը։






































