Հայ դպրոցականները 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել օգոստոսի 11-21-ը Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացված Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 18-րդ օլիմպիադայում, հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Օլիմպիադայում յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 5 աշակերտ։ Օլիմպիադային 60 երկրի 288 աշակերտ է մասնակցել:
Հայաստանի թիմից արծաթե մեդալների են արժանացել Էմիլ Մուշեղյանն ու Գոռ Հասրաթյանը, բրոնզե մեդալի՝ Նարեկ Գալստյանը, իսկ Վահե Մկրտչյանն ու Նատալի Մարգարյանը՝ գովասանագրերի։
Օլիմպիադան անցկացվել է 4 փուլով՝ տեսական, դիտողական, տվյալների վերլուծության և պլանետարիումի։
2024 թվականի Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 17-րդ օլիմպիադայում, որն անցկացվել էր Բրազիլիայի Ռիո դե Ժանյերո քաղաքում, Հայաստանի թիմն արժանացել էր 3 բրոնզե մեդալի։






































