Ռուս և ադրբեջանցի հնագետները պեղումներ են սկսել Արցախի Հադրութի շրջանի Ազոխի քարանձավում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ նրանք կանցկացնեն քարանձավի նոր թվագրում։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի սիբիրյան մասնաճյուղի հնագիտության և ազգագրության ինստիտուտի քարե դարի հնագիտության բաժնի վարիչ և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Միխայիլ Շունկովը գործակալությանը հայտնել է, որ ադրբեջանցիների հետ են պեղումներն իրականացնում։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ քարանձավում գործում են համատեղ միջազգային արշավախմբեր՝ համաձայն Գերմանիայի, Ճապոնիայի և Դանիայի գիտական կենտրոնների հետ ստորագրված հուշագրերի։
Ըստ նրանց՝ դանիական հնագիտական խումբը Նովոսիբիրսկում գտնվող Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի սիբիրյան մասնաճյուղի հնագիտության և ազգագրության ինստիտուտից ներգրավել է երկու գիտական աշխատակից և ՌԴ որևէ գիտական կենտրոնի հետ Արցախի հուշարձաններում համատեղ հետազոտություններ անցկացնելու վերաբերյալ որևէ ուղղակի համաձայնագիր կամ նախագիծ չկա։
Ազոխի քարանձավը մարդու վաղ բնակեցման կարևոր հնագիտական հուշարձաններից է: Այն բնական ընդարձակ քարայր է` բաղկացած մի քանի սրահից, որոնք միմյանց միանում են նեղ միջանցքներով և մուտքերով:
Գլխավոր և ամենամեծ մուտքի պեղումներն սկսվել էին 1960թ.՝ ադրբեջանցի հնագետ Հուսեյնովի կողմից, ով մինչև 1980 թվականը ղեկավարել էր հնավայրի պեղումները։ Առաջին փուլում հնավայրից հայտնաբերվել էր հնագույն մարդու ստորին ծնոտի մի հատված:
2002 թվականից սկսած` Արցախի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ հնավայրում հետազոտություններ էր իրականացրել Ազոխի միջազգային արշավախումբը: 2002-2009 թվականների հետազոտություններին մասնակցել էր 35 մասնագետ աշխարհի 8 երկրից՝ այդ թվում՝ Հայաստանից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Իռլանդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ավստրալիայից և Հարավային Աֆրիկայից: Պեղումների նոր փուլը հայտնաբերել էր պլեյստոցենից մինչև հոլոցեն ընկած ժամանակահատվածի երկար և գրեթե շարունակական շերտագրական հաջորդականություն:




































