«Զանգեզուրի միջանցքի» բացումն օգուտ կբերի Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ուզբեկստանի ազգային տեղեկատվական գործակալության հետ հարցազրույցում:
Ալիևը կրկին կիրառել է Հայաստանի կողմից չընդունվող տերմինը՝ «Զանգեզուրի միջանցք»:
«Մեր երկրների համագործակցության առանցքային ուղղություններից մեկը բազմաճյուղ տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումն ու տարանցիկ հնարավորությունների ընդլայնումն է։ Այս ոլորտում առանձնահատուկ նշանակություն ունի մեր երկրների մասնակցությունը միջազգային «Միջին միջանցք» տրանսպորտային երթուղուն»,- ասել է նա։
Ըստ Ալիևի՝ Ադրբեջանում ստեղծված ժամանակակից տրանսպորտային ենթակառուցվածքն ամրապնդում է այդ երկրի դերը՝ որպես գլոբալ տրանսպորտային և լոգիստիկ հանգույց։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին կոչ էր արել Ադրբեջանի նախագահին պարզաբանել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ իր հայտարարությունները։ Ալիևը, նույն ամբիոնից ելույթ ունենալով, հայտարարել էր, որ TRIPP («Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի») նախագիծը կապահովի «անարգել անցում» «Զանգեզուրի միջանցքով»։
Հոկտեմբերի 1-ին Փաշինյանը հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքը» որևէ կապ չունի Հայաստանի հետ, և նախագիծը վերաբերում է Հորադիզ-Զանգիլան ճանապարհին, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում։



























