Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Սեյեդ Աբբաս Արաղչին և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի և Միջազգային ատոմային էներգիայի գործակալության հետ համագործակցության վերաբերյալ, հայտնել է Tasnim-ը։
Ըստ կայքի՝ հատուկ ուշադրություն է դարձվել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի գործողություններին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի (վերաբերում է Իրանի միջուկային ծրագրի վերաձևաչափմանը՝ պատժամիջոցների վերացման դիմաց- AT) ժամկետի լրանալու նախօրեին։
Կողմերը նշել են, որ չկատարելով իրենց պարտավորությունները Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի շրջանակներում և Իրանի վրա ճնշում գործադրելու հարցում միանալով ԱՄՆ-ին՝ այս պետությունները խախտել են բանաձևը, և իրավական հիմք չունեն պատժամիջոցների վերականգնման մեխանիզմն օգտագործելու համար, պարզաբանել է լրատվականը։
Նշվում է, որ արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները հաստատել են, որ 2231 բանաձևը պետք է դադարեցվի սահմանված ժամկետում։ Իրանական կողմը հայտարարել է, որ դրա երկարաձգման որոշումը բացառապես Անվտանգության խորհրդի իրավասության շրջանակներում է։
ԱՄՆ-ն և Իրանը հինգ փուլով բանակցություններ էին անցկացրել մինչև հունիսյան օդային հարվածներն Իսրայելի կողմից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ այդ հարվածները «ոչնչացրել են» Իրանի միջուկային ծրագիրը, սակայն NBC News-ը վկայակոչել էր ամերիկյան պաշտոնյաների գնահատականը, ըստ որի՝ թիրախավորված երեք օբյեկտից միայն մեկն է զգալիորեն վնասվել։
Իրանը շարունակաբար հերքում է միջուկային զենք ստեղծելու նպատակ ունենալը՝ պնդելով, որ ծրագիրը խաղաղ, քաղաքացիական բնույթ է կրում։






































