Կատարի և Պակիստանի միջնորդներն առաջընթաց են գրանցել Դոհայում ԱՄՆ-ի և Իրանի բանակցողների հետ ոչ պաշտոնական հանդիպումներում, X-ի իր էջում հայտնել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջեդ ալ Անսարին։
Ալ Անսարին նշել է, որ կողմերը պայմանավորվել են առաջիկայում շարունակել քննարկումները։ Հաջորդ հանդիպումը, նրա խոսքով, նախատեսվում է անցկացնել հնարավորինս շուտ՝ Իրանի նախկին գերագույն առաջնորդի Ալի Խամենեիի հուղարկավորության արարողություններից հետո։
Associated Press-ի տվյալներով՝ Դոհայում կայացած անուղղակի բանակցություններին ամերիկյան կողմից մասնակցել են ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, իսկ Իրանի կողմից՝ բարձրաստիճան բանակցող Քազեմ Ղարիբաբադին։
Al Jazeera-ն գրում է, որ Դոհայի հանդիպումներում քննարկվել են Հորմուզի նեղուցով նավագնացության, հրադադարի պահպանման և Իսլամաբադի հուշագրի իրականացման հետ կապված հարցեր։
ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները վերսկսվել էին երկու երկրների միջև ռազմական լարվածության ֆոնին։ Հունիսի 18-ին կողմերը հուշագիր էին ստորագրել ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, իսկ հունիսի 21-ին Շվեյցարիայում ավարտվել էր բանակցությունների առաջին փուլը, որը հիմնականում տեխնիկական բնույթ էր կրել։
Հունիսի 28-ին ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել էին դադարեցնել փոխադարձ հարվածները և Դոհայում քննարկել Հորմուզի նեղուցի շուրջ լարվածությունը։ Հուլիսի 1-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Կատարում ընթացող ԱՄՆ-Իրան տեխնիկական բանակցությունները «լավ» էր որակել։



































