Իրանում զանգվածային բողոքի ակցիաները հրահրվում են արտաքին ուժերի կողմից, սակայն Թեհրանը լիովին վերահսկում է իրավիճակը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ հավելելով, որ պատրաստ են թե՛ պատերազմի, թե՛ երկխոսության։
«Ներկայումս իրավիճակն ամբողջությամբ վերահսկողության տակ է»,- ընդգծել է նա և հավելել, որ ակցիաները «հրահրվում և բորբոքվում են օտարերկրյա տարրերի կողմից»։ Նա նշել է, որ Իրանի անվտանգության ուժերը «կհետապնդեն» բոլոր նրանց, ովքեր պատասխանատու են այս ամենի համար։
Արաղչին նաև կարծիք է հայտնել, որ բողոքի ցույցերը դիտավորյալ ձեռք են բերել «դաժան և արյունալի» բնույթ, որպեսզի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ստանա «ներխուժման արդարացում»։
Իրանի արտգործնախարարը վստահեցրել է, որ մոտ ժամանակներս երկրի տարածքում կվերականգնվի ինտերնետի հասանելիությունը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է կոշտ հարված հասցնել Իրանին՝ խաղաղ ցուցարարների մահվան դեպքում։ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ամերիկացի զինվորականներն Իրանում «շատ ուժգին տարբերակներ» են դիտարկում՝ երկրում ցույցերի ֆոնին։ Իրանի իշխանությունները հայտարարել են պատասխան հարվածների մասին ԱՄՆ-ի միջամտության դեպքում:
Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են դեկտեմբերի 28-ից: Ի սկզբանե դրանք պայմանավորված էին տնտեսական ծանր իրավիճակով և ազգային արժույթի փոխարժեքի անկմամբ, բայց շուտով ձեռք են բերել նաև քաղաքական ենթատեքստ: Իրանագետ Տիգրան Դավուդյանը հունվարի 11-ին հայտնել էր Իրանում հայ ցուցարարի մահվան մասին։






































