Հայաստանը գնահատում է Եվրոպայի խորհրդի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության օրակարգի խթանման, հիմնարար ազատությունների պաշտպանության և դատական համակարգի արդյունավետության բարձրացման գործում, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ Ստրասբուրգում կայացած հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Եվրոպայի խորհրդի համագործակցության օրակարգը, ընդգծվել են ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները։ Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է շարունակել արդյունավետ փոխգործակցությունը ԵԽ կառույցների հետ։
«Կողմերն անդրադարձել են նաև ԵԽԽՎ-ի հետ ձևավորված աշխատակարգային կապերին, ինչպես նաև մոնիթորինգի ձևաչափերում համագործակցությանը։ Զրուցակիցները ընդգծել են, որ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ գործընկերության խորացումը կարևոր է ինչպես ինստիտուցիոնալ դիմակայունության, այնպես էլ եվրոպական իրավական տարածքի հետ ինտեգրացիոն գործընթացների համար»,- ասվում է հաղորդագրությունում։
ՀՀ վարչապետը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։ Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու վստահություն հայտնել, որ խաղաղության հաստատումը նոր և նշանակալի ազդակ կհաղորդի տարածաշրջանում համագործակցության զարգացմանն ու կայունության ապահովմանը:
Սեպտեմբերի 30-ին Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ չորրորդ նստաշրջանի լիագումար նիստում։





































