ՀՀ կառավարությունը հրապարակել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերը, որոնք վերաբերում են արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերությանը, էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերությանը, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։
Ըստ հաղորդագրության՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին հուշագրի նպատակն է փոխգործակցել Հայաստանի ենթակառուցվածքների և սահմանային անվտանգության բարելավման ուղղությամբ, այդ թվում՝ մասնակիցների միջև ներդրումների, ռեսուրսների, վերապատրաստման և գործընկերության միջոցով։
Ըստ այդմ՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն նպատակ ունեն արձագանքել Հայաստանի ենթակառուցվածքների և սահմանային անվտանգության առաջնահերթություններին, այդ թվում՝
մասնավոր հատվածի ներդրումները խրախուսելով, մաքսային հսկողության արդյունավետությունը և սահմանային անվտանգության հարցում համագործակցությունը և կարողությունների զարգացումն ընդլայնելով, ԱՄՆ-ի ազգային անվտանգության դեպարտամենտի և Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և Պետական եկամուտների կոմիտեի միջև լավագույն գործելակերպերի փոխանակմանը նպաստելով, կիբեռանվտանգության ոլորտում լավագույն գործելակերպերի և կարողությունների ընդլայնմամբ։
Որպես համագործակցության ոլորտներ նշվում են՝
- Հայաստանի սահմանային անվտանգության մեծացում վերապատրաստման, ԱՄՆ կառավարության ռեսուրսների և ԱՄՆ-ի ազգային անվտանգության դեպարտամենտի մաքսային ու սահմանային պաշտպանության գործակալությունից ստացված լավագույն գործելակերպերի միջոցով։
- Կիբեռպաշտպանության գործողությունների մասով ներդրումների ավելացում և ներդրումների խթանում՝ Հայաստանի ենթակառուցվածքների, ինչպես նաև սահմանային անվտանգության ոլորտն արդիականցնելու համար։
Նշվում է, որ հուշագիրը չի առաջացնում միջազգային կամ ներպետական իրավունքով սահմանված իրավունքներ կամ պարտավորություններ, և հուշագրով սահմանված կարգով մասնակիցների միջև համագործակցությունը չպետք է մեկնաբանվի որպես գործընկերություն կամ այլ տեսակի իրավաբանական սուբյեկտի կամ անձի ստեղծում։ Ընդգծվում է, որ հուշագիրը նախատեսված չէ մեկնաբանվել որպես բացառիկ աշխատանքային հարաբերություն։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։
Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն օգոստոսի 9-ին Վաշինգտոնում նախաստորագրվել էր երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի կողմից։





































