ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել հունիսի 14-ին համացանցում տարածված տեսանյութից հետո, որտեղ երևում է, թե ինչպես են Սյունիքի մարզի Կապան քաղաքում նույն օրը տեղացած հորդառատ անձրևներից հետո դեղնավուն անձրևաջրեր հոսում քաղաքի կենտրոնական փողոցներից մեկով։
Անսովոր երևույթն արձանագրող տեսանյութերը լայն տարածում են գտել սոցիալական ցանցերում։ Տեսչական մարմնի տվյալներով՝ ջրերը հոսել են Կավարտի հանքավայրի տարածքից։
Հունիսի 14-ին տեղի ունեցած դեպքի վերաբերյալ իրականացվում է ուսումնասիրություն, տեղում կատարվել են ջրերի նմուշառումներ՝ դրանց բաղադրությունը և հնարավոր ազդեցությունը պարզելու նպատակով։
Կապանի մերձակայքում գտնվող Կավարտի հանքավայրը ներկայումս չի շահագործվում։ Դեռևս 2015 թվականին Համահայկական բնապահպանական ճակատը նախազգուշացրել էր լքված հանքի հետ կապված բնապահպանական ռիսկերի մասին։
Բնապահպանները հայտնել էին, որ «Պերեմեն» թաղամասով հոսող առուն հանքավայրի տարածքով անցնելուց հետո դեղնում էր, ապա թափվում Ողջի գետը։ Կազմակերպության տվյալներով՝ ծանր մետաղներով հարուստ հանքային կեղտաջրերը կարող են խառնվել մակերևութային և ստորգետնյա ջրերին՝ վտանգ ներկայացնելով շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար։
Կազմակերպությունը հղում էր անում նախորդ տասը տարիների ընթացքում իրականացված մի շարք լաբորատոր և գիտական հետազոտությունների արդյունքներին և կոչ էր անում պետական մարմիններին միջոցներ ձեռնարկել լքված հանքավայրի հետ կապված բնապահպանական ռիսկերը չեզոքացնելու համար։






































