Վաղ առավոտյան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ձերբակալվել է բելառուսցի իրավապաշտպան, իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության նախագահ Գրիգոր Երիցյանը։
Նրա խոսքով՝ բելառուսցի իրավապաշտպանը Հայաստան էր ժամանել միջազգային համաժողովի մասնակցելու համար կազմակերպիչների հրավերով։
«Նշված անձը տարիներ առաջ ստիպված է եղել լքել Բելառուսը քաղաքական հետապնդումների պատճառով և ներկայումս բնակվում է Եվրոպական Միության տարածքում։ Եվրոպական Միությունը պաշտպանություն է տրամադրել այս անձին, իսկ ԵՄ ձգտող Հայաստանը ձերբակալել է նրան՝ կատարելով Բելառուսի ավտորիտար ռեժիմի ապօրինի պահանջը»,- գրել է Երիցյանը։
Նա խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ անընդունելի է մարդու իրավունքների պաշտպանի ազատության սահմանափակումը կամ նրա արտահանձնման հնարավորության քննարկումը մի երկիր, որտեղ նրա կյանքը, անվտանգությունն ու հիմնարար իրավունքները կարող են վտանգված լինել։
«Անընդունելի է, որ ժողովրդավարության, մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների արժեքները պաշտպանող Հայաստանը կարող է սահմանափակել մարդու իրավունքների պաշտպանի ազատությունը կամ նույնիսկ քննարկել նրա արտահանձնման հնարավորությունը մի երկիր, որտեղ նրա կյանքը, անվտանգությունն ու հիմնարար իրավունքները կարող են վտանգված լինել»,— նշել է Երիցյանը։
Նա կոչ է արել ՀՀ իրավասու մարմիններին ապահովել ձերբակալված անձի իրավունքների լիարժեք պաշտպանությունը և անհապաղ ազատ արձակել նրան, ինչպես նաև բացառել Բելառուս ցանկացած արտահանձնման գործընթաց մինչև միջազգային պաշտպանության բոլոր մեխանիզմների լիարժեք գնահատումը։
«Հայաստանը Բելառուս չէ և չպետք է ձևավորի մի երկրի հեղինակություն, որտեղ քաղաքական հետապնդումներից փախած մարդիկ չեն գտնում պաշտպանություն, այլ բախվում են նույն հետապնդումների վտանգին, որոնցից փորձել են փրկվել»,— եզրափակել է նա։
Ավելի վաղ Հայաստանում արդեն ձերբակալվել էին Բելառուսի քաղաքացիներ, որոնց Մինսկը հայտարարել էր միջպետական հետախուզման մեջ։ 2024 թվականին Բելառուսի քաղաքացի Յարոսլավ Նովիկովը, որը Հայաստանում ձերբակալվել էր բելառուս իրավապահների հարցման հիման վրա, Հայաստանում փախստականի կարգավիճակ էր ստացել։






































