Հայաստանին սպառնում է «ընտրված ավտոկրատի» իշխանության ներքո հայտնվելու վտանգը, իսկ արևմտյան երկրների կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին ցուցաբերվող անվերապահ աջակցությունը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ ժողովրդավարության վրա, ասված է Human Rights Watch-ի նախկին գործադիր տնօրեն Քեննեթ Ռոթի հոդվածում, որը հրապարակվել է Foreign Policy պարբերականում:
Ռոթը քննադատել է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների դիրքորոշումը՝ հայտարարելով, որ ազատ ու արդար ընտրությունների սկզբունքները պաշտպանելու փոխարեն նրանք փաստացիորեն աջակցում են կոնկրետ քաղաքական արդյունքը։ Նրա կարծիքով՝ արևմտյան կառավարությունները Փաշինյանին ընկալում են բացառապես որպես արևմտամետ քաղաքական գործչի և արհամարհում են ժողովրդավարական ինստիտուտների վրա ճնշումներ գործադրելու վերաբերյալ մեղադրանքները։
Հեղինակը նախազգուշացնում է, որ աշխարհաքաղաքական շահերի հաշվին Հայաստանում ժողովրդավարության խնդիրներն անտեսելը կարող է հարվածել ամբողջ աշխարհում ժողովրդավարական արժեքներին աջակցելու մասին Արևմուտքի հայտարարությունների վստահելիությանը։
Ռոթը գրում է, որ հունիսի 7-ին նշանակված խորհրդարանական ընտրությունները լուրջ փորձություն կդառնան երկրի համար՝ ժողովրդավարական ուղին պահպանելու տեսանկյունից։ Ընդ որում, նրա գնահատմամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը և եվրոպական կառավարությունները փաստացիորեն աջակցում են Փաշինյանին՝ աչք փակելով ժողովրդավարական սկզբունքների խախտումների վրա՝ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը սահմանափակելու ձգտման պատճառով։
Հեղինակը հիշեցնում է, որ Փաշինյանն իշխանության է եկել 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո՝ խոստանալով ժողովրդավարական բարեփոխումներ և մերձեցում Արևմուտքի հետ։ Սակայն, ինչպես նշվում է հոդվածում, այսօր նրա դիրքերն անորոշ են. փետրվարյան հարցումների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող էր ակնկալել ընտրողների ձայների միայն 20-30%-ը, մինչդեռ հարցվածների շուրջ 30%-ը դեռևս կողմնորոշված չէր։
Որպես Փաշինյանի գլխավոր մրցակիցներից մեկի՝ հեղինակը մատնանշում է գործարար Սամվել Կարապետյանի հիմնադրած «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը, որը, հարցումների տվյալներով, զբաղեցնում է երկրորդ տեղը։
Հեղինակը պնդում է, որ Փաշինյանն օգտագործում է «ավտոկրատիայի զինանոցի գործիքները»՝ սեփական կուսակցության պարտությունը կանխելու համար։ Հոդվածում խոսվում է ընդդիմադիրներին բերման ենթարկելու, քննադատաբար տրամադրված լրագրողների ձերբակալությունների, դատական համակարգի վրա ճնշումների և Հայ Առաքելական եկեղեցու գործերին միջամտելու մասին։ Ռոթի խոսքով՝ իշխանությունները կիրառում են նաև վարչական ռեսուրս, իսկ քննադատների դեմ վերակենդանացվում են այնպիսի անորոշ մեղադրանքներ, ինչպիսին է «խուլիգանությունը»։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների հետևանքներին։ Ռոթը գրում է, որ 2023 թվականին Ադրբեջանի ռազմական գործողությունից և տարածաշրջանից հայ բնակչության զանգվածային տեղահանումից հետո Փաշինյանը ձգտում է «որքան հնարավոր է շուտ փակել այդ թեման»՝ այդ թվում կոնֆլիկտի մեջ մտնելով եկեղեցու հետ, որը հանդես է գալիս ի պաշտպանություն բռնի տեղահանվածների և պահանջում է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակումը։
Հեղինակը հիշատակում է նաև Կարապետյանի կալանավորումը՝ հայտարարելով, որ գործարարը ձերբակալվել է շինծու դրդապատճառով, երբ քննադատել էր Փաշինյանին՝ եկեղեցու վրա հարձակումների համար։
Հոդվածում նշվում է նաև, որ Թրամփը Հայաստան էր գործուղել փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն առաջ մղելու համար և, փաստացիորեն, աջակցել Փաշինյանի վերընտրվելուն։ Ռոթը նկատում է, որ հայ հասարակության մի մասն առաջ քաշվող պայմանավորվածություններն ընկալում է որպես զիջումներ Ադրբեջանին։
Քննադատության է ենթարկվել նաև եվրոպական կառույցների դիրքորոշումը։ Հեղինակը մատնանշում է, որ Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումն ընդդիմության կողմից ընկալվել է որպես աջակցություն Փաշինյանին ընտրությունների նախաշեմին, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրապարակավ ՀՀ վարչապետին անվանել է «շատ տպավորիչ»:
Ռոթի կարծիքով՝ արևմտյան երկրները սխալ են թույլ տալիս՝ արևմտամետ հռետորաբանությունը նույնացնելով ժողովրդավարությանը հավատարմության հետ։



























