Իրանում տեղի ունեցող հրթիռակոծությունների հետևանքով հայ է զոհվել, լրատվամիջոցներին փոխանցել է տեղում լույս տեսնող «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը։
Նշվում է, որ ամերիկա-իսրայելյան հարվածների հետևանքով իր աշխատասենյակում զոհվել է Նոր Ջուղայի բնակիչ Հովհաննես Սիմոնյանը։
ԱԳՆ-ն մարտի 22-ին հայտնել էր, որ Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին մարտի 14-18-ը Քուվեյթից և Իրաքից Հայաստան էր ժամանել ՀՀ 34 քաղաքացի։ Իրաքից Հայաստան էր վերադարձել ՀՀ 9 քաղաքացի։
ԱԳՆ-ից հավելել էին, որ փետրվարի 28-ից ի վեր Իրաքում ՀՀ դեսպանության հետ կապ էր հաստատել հայաստանաբնակ ՀՀ 12 քաղաքացի, որոնք հանդիսանում են տարբեր ոլորտների պայմանագրային աշխատողներ: Քաղաքացիներից միայն վերանշյալ 9-ն էին ցանկություն են հայտնել վերադառնալ Հայաստան:
Ըստ գերատեսչության՝ մարտի 14-16-ը Սաուդյան Արաբիայի Հաֆար ալ-Բատին քաղաքի օդանավակայանով դեպի Ստամբուլ և Թբիլիսի չվերթերով Քուվեյթից Հայաստան էր վերադարձել 16 քաղաքացի, մարտի 17-18-ը՝ 9 քաղաքացի՝ Քուվեյթ-Ռիյադ-Թբիլիսի-Երևան երթուղով։
ԱԳՆ-ից տեղեկացրել են նաև, որ փետրվարի 28-ից ի վեր Քուվեյթի օդային տարածքը փակ լինելու հետևանքով՝ Հայաստան վերադառնալու նպատակով դեսպանություն էր դիմել ՀՀ շուրջ 33 քաղաքացի։ Նրանցից մեկը Քուվեյթը լքել էր իր նախընտրած ուղով, 2-ը պլանավորում են վերադառնալ և 5-ը նախընտրել են չլքել Քուվեյթը։
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Հարվածների թիրախում էին Իրանի միջուկային օբյեկտները, ինչպես նաև երկրի ռազմական ենթակառուցվածքները: Գործողության արդյունքում զոհվել էին Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Հարվածներ էին հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել էր, որ Իրանը խնդրել է բանակցություններ, պատրաստ է զիջումների, և քննարկում է ԱՄՆ-ի կողմից առաջարկված 15 կետից բաղկացած փաստաթուղթը: Թեհրանը պատասխանել էր, որ Թրամփի խոսքերը չեն համապատասխանում իրականությանը և հետապնդում են մեկ նպատակ՝ «հանդարտեցնել» նավթային շուկաները:






































