ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է Հայաստանի տարածքով ԱՄՆ-ի կառավարմամբ երթուղու ստեղծումը արգելափակելու Ռուսաստանի կամ Իրանի փորձերի դեպքում Վաշինգտոնի հնարավոր գործողությունների մասին հարցին:
«Ես չեմ պատրաստվում ենթադրություններ անել այն մասին, թե ինչ կարող ենք անել կամ չանել որոշակի գործողությունների հետ կապված։ Աշխարհը գիտի, որ նախագահ Թրամփին պետք է լուրջ վերաբերվել։ Այս գործարքը կարևոր է նրա համար։ Այն կարևոր է այս վարչակազմի համար, այն կարևոր է աշխարհի համար»,- ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Թամմի Բրյուսը՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին։
Խոսնակը նշել է նաև, որ ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները երկկողմ տնտեսական համաձայնագրեր են ստորագրել, որոնք բացահայտում են Հարավային Կովկասի տարածաշրջանի հսկայական ներուժը։ Նա հավելել է, որ այդ համաձայնագրերն առնչվում են առևտրի, տարանցման, էներգետիկայի, ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների ոլորտներին, ինչպես նաև նոր հնարավորություններ են ստեղծում ամերիկյան ժողովրդի և ամերիկյան բիզնեսի համար:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները օգոստոսի 8-ին Սպիտակ տանն ԱՄՆ-ի միջնորդությամբ խաղաղ կարգավորման հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է նաև ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։ Կողմերը նախաստորագրել էին նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը և հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին ուղերձով:
Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։
Կարդացեք նաև՝
ԱՄՆ միջանցքի նախագիծը Հայաստանին տալիս է ժամանակ, բայց ոչ երաշխիքներ․ Սուրեն Պարսյան





































