Ադրբեջանական բենզինը գնած ընկերություններից մեկը «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ կապիտալի» մեջ մտնող «Մեգա Թրեյդն» է, հայտնում է «Ազատությունը»։
«Մեգա Թրեյդ» ընկերության տնօրեն Կարեն Հայրիյանն «Ազատությանը» տեղեկացրել է, որ ադրբեջանական բենզինը գնած 2 կազմակերպությունից մեկը իրենք են, և առաջիկայում այդ բենզինը կվաճառվի ընկերությանը պատկանող «Ռան օիլ» բենզալցակայանների ցանցում: «Սիլ կոնցեռն» ընկերությունը տարիներ առաջ ձեռք էր բերել «Ռան օիլ»-ը:
Ադրբեջանական բենզին գնած երկրորդ ընկերության անունը դեռ հայտնի չէ:
Ադրբեջանական բենզինի գինն այս պահին, ըստ Հայրիյանի, հստակ ասել չեն կարող: Ներմուծումից հետո կհաշվարկվի վառելիքի ինքնարժեքը, և կսահմանվի մանրածախ վաճառքի գին: Ամեն դեպքում, ըստ տնօրենի, իրենց կանխատեսումներով բենզինի գինը կնվազի:
ԶԼՄ-ն նշում է, որ «Մեգա Թրեյդը» գնել է շուրջ 600 տոննա ադրբեջանական բենզին: Ընկերությունը չի ներկրել բենզին Ադրբեջանից, այլ գնել է վառելիքի մեծածախ վերավաճառքով զբաղվող թրեյդինգային ընկերությունից, որի անունը չեն հրապարակում:
Այսօ ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ ադրբեջանական նավթամթերքով լի 22 երկաթուղային վագոն է ժամանել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։
Ավելի ուշ կառավարությունը հայտնել էր, որ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հերթական արդյունքն է տալիս տնտեսական համագործակցության խթանմամբ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ առևտուրը տեղի է ունենում մասնավոր ընկերությունների միջև, բայց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմաններն են, որ հնարավորություն են ստեղծել այդ առևտրի համար։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը դեկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատել էր, որ նման քննարկումներ կան: Դեկտեմբերի 18-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին Հայաստան «նավթամթերքի առաջին խմբաքանակն» ուղարկելու մասին:






































