Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են Հայաստան «նավթամթերքի առաջին խմբաքանակն» ուղարկելու մասին:
Նրանք պնդում են, որ նոյեմբերի 28-ին Գաբալայում երկու երկրների փոխվարչապետեր Շահին Մուստաֆաևի և Մհեր Գրիգորյանի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այսօր կուղարկվի SOCAR-ի արտադրության 22 վագոն АИ-95 բենզին:
Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ադրբեջանական նավթամթերքով բեռնված շարժակազմն Ադրբեջանից շարժվել է և գալիս է Հայաստան։ Նա տեղեկացրել է, որ առևտուրը տեղի է ունենում մասնավոր ընկերությունների միջև, բայց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմաններն են, որ հնարավորություն են ստեղծել այդ առևտրի համար։ Փաշինյանը նշել է, որ գալիս է մեկ գնացք, սակայն իրեն հայտնի չէ, թե կոնկրետ որքա՞ն բեռ է պարունակում։ Նա նաև տեղեկացրել է, որ Վրաստանի երկաթուղիների հետ կապված արժեքային հարցեր կան, որոնք կա՛մ պետք է կարգավորվեն, կա՛մ այլընտրանքային ձևեր փնտրվեն։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը դեկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը: Գրիգորյանը հաստատել էր, որ նման քննարկումներ կան:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը չէր բացահայտել այն ընկերության անունը, որը պատրաստվում է Հայաստան ադրբեջանական նավթամթերք ներկրել։

























