ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչի կողմից նոյեմբերի 25-ին կայացվել է դատատեսաձայնագրային և դատադիմանկարային փորձաքննություն նշանակելու մասին որոշում, որի արդյունքում եզրակացվել է, որ տարածված տեսանյութն առնչվում է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Փաստաբանը շեշտել է, որ եզրակացությունը կայացվել է մի շարք խախտումներով։ Բաբայանը նշել է, որ մի շարք հոգևորականների կողմից ստորագրված փաստաթղթի համաձայն՝ նրանք փորձաքննության եզրակացությունը ՔԿ-ից ստացել են հենց նոյեմբերի 25-ին։
«Այսինքն՝ եզրակացությունը տրվել է քննիչի կողմից հենց փորձաքննություն նշանակման նույն օրը, ինչն ակնհայտ է դարձնում, որ նույն օրը հնարավոր չէր կատարել օբյեկտիվ փորձաքննություն»,- ընդգծել է Բաբայանը։
Բացի դրանից, նրա խոսքով, ՔԿ-ն իրավունք չուներ այդպիսի եզրակացությունը տրամադրել որևէ այլ անձի, այդ թվում՝ հոգևորականների։
Փաստաբանը հավելել է, որ քննիչը փորձաքննություն նշանակելիս պարտավոր էր այդ որոշումը մինչև փորձաքննության ուղարկելը ներկայացնել Արշակ արքեպիսկոպոսին, վերջինս իրավունք ուներ միջնորդելու, որ փորձագետին առաջադրվեն լրացուցիչ հարցեր, իրավունք ուներ ներկա գտնվել փորձաքննությանը, պարզաբանումներ տալ փորձագետին։ Այս բոլոր իրավունքներից Մայր Աթոռի դիվանապետը զրկվել է։
Նրա խոսքով՝ ՔԿ-ն առաջարկել է արքեպիսկոպոսին ներկայանալ, սակայն վերջինս վերահաստատելով իր պնդումը, որ օրվա քաղաքական իշխանության քաղաքական հանձնարարությունները կատարող քննչական մարմիններին անհնարին է վստահել, հրաժարվում է այցելել Քննչական կոմիտե՝ «ծանոթանալու հենց ամենասկզբից օբյեկտիվությունից զուրկ որոշմանն ու եզրակացությանը»։
Նոյեմբերին 27-ին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հրապարակել էր եպիսկոպոսների հայտարարության լուսանկարը, որում նշվում էր, որ ՔԿ-ի քննությունը հաստատել էր Խաչատրյանին վերագրվող տեսանյութի իսկությունը: Փաստաթղթում գրված էր, որ արդյունքները ներկայացվել էին Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին, որն «անտեսել» էր դրանք:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը հայտնել էր, որ եպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարությունը խեղաթյուրումներով շարադրված տեքստ է։
Հոկտեմբերի 25-ին համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որին կից նշված էր, թե «արքեպիսկոպոսը սեռական կապի մեջ է քեռակնոջ հետ»։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀՀ գլխավոր դատախազություն էր ուղարկել հանցագործության վերաբերյալ հաղորդում՝ ենթադրաբար արքեպիսկոպոսի անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ։ Դատախազությունից ընթացք էին տվել հաղորդմանը: Արքեպիսկոպոսը զրպարտություն և հերյուրանք էր անվանել տեսանյութը՝ նշելով, որ այն ուղղված է իր և եկեղեցու դեմ:





































