Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, հայտնել է փաստաբան Արամայիս Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ կալանքն ապօրինի է՝ անկախ Ղուկասյանի առողջական վիճակից։
Փաստաբան Առնոլդ Վարդանյանը շեշտել է, որ Ղուկասյանն առանց հետազոտություններն ամբողջությամբ ավարտելու՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հետ է տեղափոխվել ՔԿՀ։
«Նրա առողջական վիճակը ժամանակին ևս պատշաճ իրավական գնահատման չէր ենթարկվել դատարանի կողմից ամենից ծանր՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելիս»,- գրել է Վարդանյանը։
Հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ էին սկսել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետ կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Գյումրիի քաղաքապետին, որին դատարանը 2 ամսով կալանավորել էր հոկտեմբերի 21-ի առավոտյան։
Փաստաբանները հոկտեմբերի 26-ին հայտնել էին Ղուկասյանի դեմ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նոր գործի մասին՝ Հայաստանի «ինքնիշխանությունից հրաժարվելու հրապարակային կոչերի» համար՝ Ռուսաստանի և Բելառուսի հետ դաշինքի մասին նրա հայտարարությունների պատճառով։
Նոյեմբերի 6-ին փաստաբանը տեղեկացրել էր նրա առողջական վիճակի վատթարացման և հիվանդանոց տեղափոխելու մասին։ Նոյեմբերի 7-ին Ղուկասյանին կրկին տեղափոխել էին Երևանի «Կենտրոն» ՔԿՀ։




































