Կառավարությունը հավանություն է տվել նախագծին, որով Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումներում հնարավորություն կստանան ծառայել նախկինում անզգույշ հանցանքի համար դատապարտվածները։
Նախագծով, մասնավորապես, ԱԱԾ-ից առաջարկել են անզգույշ հանցանք կատարելու համար դատապարտված, սակայն դատվածությունը մարված կամ վերացված անձանց սահմանապահ զորքերում և հատուկ ստորաբաժանումներում ծառայության ընդունելու հետ կապված մեխանիզմներ ստեղծել։
Առաջարկել են ստեղծել նաև մեխանիզմներ, որոնք թույլ կտան ԱԱԾ սահմանապահ զորքերում, հատուկ ստորաբաժանումներում և այլ կառուցվածքային ստորաբաժանումներում մասնագիտական հատուկ գիտելիքներ պահանջող պաշտոններում ներառել 30-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիներին։ Նոր կարգավորումներով՝ ԱԱԾ-ին կտրամադրվի նաև հեռակա հասանելիություն պետական և տեղական մարմինների տեղեկատվական համակարգերին։
Կառավարության հաստատած նախագծով արտաքին հակահետախուզական նոր ստորաբաժանում կտեղծվի ԱԱԾ-ում։ Նշվում է, որ նախագծով հետախուզական և հակահետախուզական մարմինների համագործակցության կարգը սահմանելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԱԱԾ նախագծում ընդգծել են, որ այն նպատակ ունի բարելավել Հայաստանի արտաքին և ներքին անվտանգության համակարգը․ նոր ստորաբաժանումը կզբաղվի նաև օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական կառույցների պաշտպանության հարցերով։
Ըստ նախագծի՝ փոփոխությունները բխում են 2022-ին ընդունված «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքից․ համաձայն դրա՝ 2026-ից դադարելու է ԱԱԾ-ի հետախուզական ստորաբաժանման իրավասությունը, և անհրաժեշտ է նախապես ապահովել գործառույթների շարունակականությունը։






































