Իրավապահները ձերբակալել, հետո ազատ են արձակել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներից մեկին՝ պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին և նրա եղբորը՝ Եղիշե Մախսուդյանին, հայտնում է «Հրապարակ»-ը։
Միհրան Մախսուդյանը թերթին ասել է, որ իրավապահները խուզարկել են Ոսկեպարում գտնվող եղբոր տունը, հայտնաբերել նրա օրինական զենքը, 6 ժամով ձերբակալել են իրեն, 24 ժամով՝ եղբորը:
«Ընկել են ընտանիքիս հետևից։ Եղբորս տանը խուզարկություն են արել, հայտնաբերել են իր օրինական հրացանը։ Գործողության պահին ես այնտեղ էի, զայրույթից զենքը վերցրել դեն եմ նետել, ինձ էլ են ձերբակալել, իբր խոչընդոտել եմ իրավապահների աշխատանքին»,- նշել է նա։
Պահեստազորի գնդապետը հավելել է, որ իրավապահները չեն կարողացել հիմնավորել, որ զենքը ապօրինի է և ազատ են արձակել իրենց։
«Հրապարակ»-ին ՔԿ-ից հայտնել են, որ քրեական վարույթ էր նախաձեռնվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, «մեկ անձի ձերբակալման որոշում էր կայացվել, սակայն վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ վերջինս արգելանքից ազատ է արձակվել»։
Ապրիլի 23-ի երեկոյան ոստիկանությունը բերման էր ենթարկել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակած ցուցարարներին, այդ թվում՝ պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին։ Ապրիլի 27-ին Տավուշի մարզում ոստիկանները բերման էին ենթարկել Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախսուդյանին։ Նրա նկատմամբ դատարանը կիրառել էր երկամսյա կալանք։




































