Իրավապահները ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Ալեքսանյանին, հայտնել է Քննչական կոմիտեն:
Նա անցնում է հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման գործով:
Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելուն նյութապես շահագրգռելը, պատժվում է առավելագույնը մինչև 5 տարի ազատազրկմամբ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը, պատժվում է առավելագույնը մինչև 12 տարի ազատազրկմամբ):
ՔԿ հայտնել է, որ Ալեքսանյանին ձերբակալվել են ՆԳՆ ոստիկանության կողմից՝ դատարան միջնորդություն ներկայացնելուց և շուրջ 500 անձի հարցաքննելուց հետո։
Քննությունը պնդում է, որ Ալեքսանյանը, հանդիսանալով «Մեր ձևով» հասարակական կազմակերպության ղեկավարը, աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու կազմակերպության տարբեր գրասենյակներում՝ Հայաստանի ամբողջ տարածքում, որոնց մի մասը միաժամանակ աշխատել է այլ ընկերություններում: ՔԿ-ն պնդում է, որ նրանց գորձի ընդունելը «ձևական» բնույթ էր կրում:
Քննչական կոմիտեից հայտնում են նաև, որ կազմակերպության հաշիվներին մի շարք կառույցներից փոխանցումներ են կատարվել, այդ թվում՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամից, ինչպես նաև փոխկապակցված ընկերություններից, որոնք, ըստ քննության վարկածի, կարող են կապված լինել Ս. Կ.-ի (դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյան) հետ:
Ստացված միջոցների ընդհանուր ծավալը, ըստ ՔԿ տվյալների, կազմել է շուրջ 1,6 միլիարդ դրամ, 230 000 եվրո և 75 000 դոլար:
Քննության վարկածով՝ այդ միջոցներից ավելի քան 763 միլիոն դրամը վճարվել է որպես աշխատավարձ և այլ հավելավճարներ այն աշխատակիցներին, որոնք, ինչպես պնդում են իրավապահները, ուղղորդվել են մասնակցելու Կարապետյանի կողմնակիցների, «Մեր ձևով» կազմակերպության և «Ուժեղ Հայաստան» կուսակցության կազմակերպած հանրահավաքներին ու հավաքներին:
Քննությունը նաև պնդում է, որ աշխատակիցների մի մասը հետագայում կարող էր ազատվել աշխատանքից՝ առանց կազմակերպության կանոնադրական նպատակների իրականացման:




































