Մասյացոտնի թեմի կարգալույծ հռչակված առաջնորդ Արման Սարոյանը թեմի բանկային հաշիվներից գործարքներ է կատարում՝ դատարանի որոշման և հարկադիր կատարողի կամայական մեկնաբանության հիման վրա, մայիսի 11-ին կայացած ասուլիսում ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Ըստ փաստաբանի՝ ապրիլի 1-ի դրությամբ արդեն նա հաշիվներից ավելի քան 15 միլիոն դրամ է հանել։
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հունվարի 10-ին Սարոյանին ազատել էր պաշտոնից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի ճանաչում այդ որոշումը, իսկ Սարոյանը հայց էր ներկայացրել Մայր Աթոռի դեմ՝ պահանջելով վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնում։ Հունվարի 16-ին դատարանը Սարոյանին վերականգնել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտը, իսկ հունվարի 27-ին կաթողիկոսը նրան կարգալույծ էր հռչակել։
Անդրադառնալով Մայր Աթոռի դեմ Սարոյանի հայցին՝ փաստաբանը նշել է, որ հայցի ապահովման միջոց է կիրառել դատարանն ու որոշում կայացրել՝ արգելել պատասխանող Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն և այլն անձանց իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել Սարոյանի՝ որպես թեմի առաջնորդի լիազորությունների իրականացմանը, այդ թվում՝ ֆինանսական հաշիվների տնօրինությունը։
«Դատարանը վատ վիճակ է ստեղծել Հայ Առաքելական եկեղեցու համար։ Ավելին՝ կաթողիկոսը, երբ նրան զրկել էր պաշտոնից, դադարեցրել էր նրա լիազորությունները բանկում, սակայն հարկադիր կատարողը լիազորել է Սարոյանին, որպեսզի նա բանկում գործարք կատարի։ Դատարանին խնդրել ենք հայցի ապահովումը վերացնել, դատարանը մերժել է»,- մանրամասնել է Զոհրաբյանը։
Նա մտահոգություն է հայտնել, որ թեմի հաշիվներում դրամական միջոցներ կան, որոնք ևս կարող են վատնվել Սարոյանի կողմից։





































