Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դիմել է իրավասու մարմիններին՝ «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի և նրա անչափահաս դստեր տեսակցությունների արգելքը վերանայելու հարցով, հայտնել է ՄԻՊ աշխատակազմը։
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկ կատարած այցի ընթացքում Մանուկյանը ՄԻՊ-ի ներկայացուցիչներին հայտնել է, որ դատարանի սահմանած սահմանափակման պատճառով չի կարողանում շփվել դստեր հետ։
ՄԻՊ աշխատակազմից ընդգծել են, որ կիրառված սահմանափակումն ազդում է նաև անչափահաս երեխայի վրա, որի պարագայում որոշումներ պետք է կայացվեն՝ ելնելով երեխայի լավագույն շահերից։
«Հաշվի առնելով դեպքի զգայունությունը՝ Պաշտպանի հաստատությունը հաղորդակցություն է վարում նաև գործընկեր կազմակերպությունների հետ՝ նշված գործընթացում երեխայի լավագույն շահն ապահովելու, ինչպես նաև երեխայի կարիքներին համարժեք աջակցության ապահովման հնարավորությունը քննարկելու ուղղությամբ»,- հայտնել են գրասենյակից։
Պաշտպանի աշխատակազմում նշել են, որ ՄԻՊ-ը չի միջամտում դատական քննությանը, սակայն պարբերաբար բարձրացնում է կալանավորված անձանց իրավունքների սահմանափակման հետ կապված հարցերը։
Գրասենյակը գործընկեր կազմակերպությունների հետ քննարկում է նաև երեխային աջակցելու հնարավոր միջոցառումները։
Մանուկյանը երկու ամսով կալանավորվել էր հուլիսի 9-ին՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով։
Կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը պետական դավաճանության գործով նույնպես մայիսի 23-ին կալանավորվել էր երկու ամսով։ Քրեական հետապնդումն սկսվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, որով հայտնել էր՝ Թևանյանի դեմ քրեական գործ կհարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով և որ իշխանություններն «արմատախիլ են անելու լրտեսական ցանցը»։




































