ՀՀ կառավարությունը հաստատել է «Բագրատաշեն» և «Ագարակ» սահմանային անցակետերով երկրից դուրս եկող բեռնատարների կուտակային կայանատեղիների և էլեկտրոնային հերթի կազմակերպման կարգը։ Կառավարության նիստը հեռարձակել է Armenia Today-ի You Tube-յան ալիքը։
Նոր համակարգը նախատեսված է սահմանին հերթերը նվազեցնելու և արտահանման փոխադրումները արագացնելու համար։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը կառավարության նիստում հայտնել է, որ այսուհետ բեռնատարները կկարողանան մոտենալ անցակետերին միայն կուտակային կայանատեղիում գրանցվելու և էլեկտրոնային հերթ ստանալուց հետո։
Մեկ բեռնատարի հերթագրման ծառայության առավելագույն արժեքը կկազմի 5000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն։ Կուտակային կայանատեղիների զբաղվածության և ծառայությունների արժեքի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի առցանց։
Կուտակային կայանատեղիներ կկարողանան կազմակերպել սահմանված պահանջներին համապատասխանող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը։ Դրանք պետք է գտնվեն անցակետից ոչ ավելի, քան 20 կմ հեռավորության վրա, ունենան առնվազն 3000 քմ տարածք, տեսահսկման համակարգ և ՊԵԿ հերթերի կառավարման համակարգին ինտեգրված էլեկտրոնային հարթակ։
Սահմանը հատելիս առաջնահերթություն կտրվի արագ փչացող ապրանքներ տեղափոխող բեռնատարներին, ինչպես նաև մաքսային օրենսդրությամբ նախատեսված առանձին կատեգորիայի փոխադրողներին։ Առանց կուտակային կայանատեղի մտնելու սահմանը կկարողանան հատել մարդասիրական օգնություն, դիվանագիտական բեռներ, ողջ կենդանիներ, ռադիոակտիվ և պայթուցիկ նյութեր, ինչպես նաև խոշոր չափերի բեռներ տեղափոխող մեքենաները։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանձնարարել է համակարգում նախատեսել նաև բեռնատարի՝ անցակետ կանչվելու մոտավոր ժամի ցուցադրում, որպեսզի վարորդները կարողանան նախապես պլանավորել ժամանումը։ Նրա խոսքով՝ համակարգը պետք է բաց լինի սահմանված պահանջներին համապատասխանող բոլոր օպերատորների համար, իսկ մրցակցությունը կնպաստի, որ ծառայությունների արժեքը մնա առավելագույն սահմանված սակագնից ցածր։
Հակոբյանի խոսքով՝ համակարգի ներդրման առաջին փուլում ընտրվել են հենց «Բագրատաշեն» և «Ագարակ» անցակետերը, քանի որ դրանք ամենածանրաբեռնվածներից են։
«Բագրատաշեն» անցակետով օրական միջինում երկրից դուրս է գալիս 250, իսկ «Ագարակ» անցակետով՝ 220 բեռնատար։




































