Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայի գագաթին բռնկված հրդեհը մարվել է, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ ժամը 16։29-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Սիվաշական թաղամասի վերին հատվածում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից փրկարար ուժեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։19-ին, մարվել՝ 19։47-ին։ Բազումի լեռնաշղթայի գագաթին այրվել է խոտածածկույթ։
Նոյեմբերի 27-ին ՆԳՆ-ն հայտնել էր, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանների, Նավուր համայնքի և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա անտառային հատվածներում բռնկված հրդեհներն ամբողջությամբ մարվել են։ Տավուշի մարզում հրդեհաշիջման աշխատանքներ կատարելիս վթարի էր ենթարկվել ծառայողական ավտոմեքենա, որի հետևանքով փրկարար էր զոհվել։
Ավելի վաղ մարվել էին նաև Շիրակի մարզի Ձորաշեն բնակավայրի, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր ճանապարհահատվածի, Սյունիքի մարզի Վերին Հանդ բնակավայրի, Տավուշի մարզի Դիլիջանի «Կազաչի» հատվածի հրդեհները:






































