ՆԳՆ փրկարար ծառայությունը հերքում է մամուլում շրջանառվող տեղեկությունը, որ Տավուշի մարզում հրդեհը տարածվել է «Լեռնային Հայաստան» առողջարան: Ծառայության հաղորդմամբ՝ հրդեհի տարածումը դեպի տներ և առողջարան կանխվել է։
Հրդեհը հիմնականում տարածվել է խոտածածկ հատվածում։ Տարածքում մեծաքանակ ծառեր չեն այրվել․ արձանագրվել են ջերմահարումներ։
Տավուշի մարզի Դիլիջան «Կազաչի» հատվածում բռնկված հրդեհը նոյեմբերի 26-ի՝ ժամը 10։30-ի դրությամբ մեկուսացվել է, Նավուրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Դիլիջանի «Լեռնային Արմենիա» հյուրանոցի մոտակայքում աշխատանքները շարունակվում են։
Ընդհանուր առմամբ՝ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 669 փրկարարական ծառայող, 215 էկոպարեկ և բնակիչներ։ Հրդեհաշիջման աշխատանքներին և տարածքի օդային հետախուզությանն աջակցելու նպատակով օրվա ընթացքում ՊՆ ուղղաթիռով իրականացվել է 22 թռիչք։ Աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։
Մամուլում տեղեկություններ են տարածվում հրդեհաշիջման աշխատանքներում կամավորների հավաքագրման վերաբերյալ: ՆԳՆ-ն շեշտել է, որ իրավիճակը լիովին փրկարար ծառայության վերահսկողության տակ է, իսկ կամավորական խմբերի օգնության անհրաժեշտության դեպքում կտրվի համապատասխան հայտարարություն:
«Հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել 911»,- ասված է հաղորդագրության մեջ։



























