Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում նոյեմբերի 11-ի երեկոյան տարեց կինն ընկել է ու կոտրվածք ստացել, Armenia Today-ին հայտնել է Մետրոպոլիտենի խոսնակ Աննա Ասլանյանը։
Խոսնակը մանրամասնել է, որ տարեց կինը, չկարողանալով պահել հավասարակշռությունը, ընկել է շարժասանդուղքի վրա։
Նա հավելել է, որ Մետրոպոլիտենի աշխատակիցները շտապօգնություն են կանչել, օգնություն են ցույց տվել, և կնոջը տեղափոխել են հիվանդանոց։
Ավելի ուշ ՀՀ ներքին գործերի նախարարությունից Armenia Today-ին տեղեկացրել են, որ դեպքի առնչությամբ հաղորդումն ստացել են ժամը 22։25-ին։ ՆԳՆ-ից նշել են, որ 1967 թվականին ծնված կինն աջ ազդոսկրի կոտրվածք է ստացել։
«Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ մետրոյի շարժասանդուղքի վրա 1937 ծնված կինն անզգուշաբար ընկել է հիշյալ կնոջ վրա, վերջինս էլ՝ շարժասանդուղքի վրա ու ստացել վնասվածք»,- մանրամասնել են ՆԳՆ-ից։
Ավելի ուշ Քննչական կոմիտեից Armenia Today-ին տեղեկացրել են, որ կնոջ ընկնելու դեպքով վարույթ չի նախաձեռնվել՝ հաշվի առնելով, որ դեպքը տեղի է ունեցել անզգուշության հետևանքով։
Նյութը թարմացվել է 13։14-ին։






































