Արարատի մարզում 1 տարեկան 2 ամսական երեխայի սպանության փորձի գործով բացի խորթ մորն առաջադրված մեղադանքներից որպես մեղադրյալ կներգրավվի նաև նրա հայրը, հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Ավելի վաղ «Արաբկիր» բժշկական համալիրի մամուլի խոսնակ Տիգրանուհի Հարությունյանն Armenia Today-ին հայտնել էր, որ երեխայի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։ Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար։
Սարգսյանը չի բացառել գործով ընտանիքի մյուս անդամներին մեղադրանք առաջադրելու հնարավորությունը։ ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն Armenia Today-ի հարցին ի պատասխան, թե արդյոք այլ ներգրավված անձինք կա՞ն գործում ու ի՞նչ կարգավիճակ ունեն, պատասխանեց, որ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է՝ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու ուղղությամբ:
«Այժմ շարունակում ենք քննչական կոմիտեի հետ աշխատանքները՝ ընտանիքի մյուս անդամներին ևս իրավական գնահատական տալու շուրջ»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Սարգսյանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ բժշկական հաստատությունից ստացված նախնական ահազանգը որևէ կերպ չէր հուշում հանցագործության մասին։
«Հարազատները հայտնել են, որ երեխան վատ է զգացել և հոսպիտալացվում է։ Սակայն օպերատիվ գործողությունների արդյունքում հաստատվել է երեխայի հոր հետ ապրող կնոջ միջամտությունը»,- նշել է նա։
Սարգսյանը նաև պարզաբանել է, թե ինչո՞ւ ահազանգը չի տրվել տեղի սոցիալական ծառայությունից կամ ոստիկանությունից։ Ըստ նրա՝ նախնական հաղորդումը պետք է գա ոչ թե ոստիկանությունից, այլ համայնքից՝ սոցիալական ծառայություններից։
Նա տեղեկացրել է, որ իշխանությունները ներկայումս ստուգում են համապատասխան հաղորդագրությունների առկայության և երեխայի բնակության հասցեում որոշակի անբարո գործունեությունների մասին տեղեկությունները։
Մարտի 16-ին ԶԼՄ-ները գրել էին, որ Արարատի մարզից «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» ԲԿ էր տեղափոխվել մեկ տարեկան երկու ամսական տղա։ Իրավապահներն Armenia Today-ին հայտնել էին երեխայի սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող անձի ձերբակալության մասին։ «Արաբկիր» բժշկական համալիրից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ մարտի 18-ի դրությամբ՝ երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր՝ հավելելով, որ երեխան դեռևս վերակենդանացման բաժանմունքում է։





































