Իսրայելական ուժերը փուլային դուրս կբերվեն Լիբանանի տարածքից ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի և Լիբանանի միջև ստորագրված շրջանակային համաձայնագրի շրջանակում, հայտնում է Reuters-ը։
Փաստաթղթում նշվում է, որ Լիբանանի բանակը փուլային կարգով պետք է ստանձնի անվտանգության ամբողջական և արդյունավետ պատասխանատվություն «փորձնական գոտիներում», որոնք կծառայեն որպես իսրայելական ուժերի փուլային և ստուգելի վերատեղակայման, ինչպես նաև լիբանանյան բանակի տեղակայման մեխանիզմ։ Երկու նախնական գոտու շուրջ, ըստ համաձայնագրի, արդեն պայմանավորվածություն կա, իսկ հետագա գոտիները պետք է համաձայնեցվեն փոխադարձ համաձայնությամբ։
Պետքարտուղարության հրապարակած շրջանակային համաձայնագրի տեքստում նշվում է, որ Լիբանանի զինված ուժերը պետք է վերականգնեն արդյունավետ ինքնիշխան վերահսկողությունը Լիբանանի ամբողջ տարածքում՝ «ոչ պետական զինված խմբավորումների ստուգելի զինաթափման և դրանց ենթակառուցվածքների ապամոնտաժման պայմաններում»։ Փաստաթղթում նշվում է, որ այդ գործընթացը հնարավորություն կտա Իսրայելի պաշտպանության բանակին աստիճանաբար վերատեղակայվել Լիբանանի տարածքից դուրս։ Համաձայնագրի հաջող իրականացումը պետք է ճանապարհ բացի Իսրայելի պաշտպանության բանակի՝ Լիբանանի տարածքից դուրսբերման համար։
Reuters-ի տվյալներով՝ շրջանակային համաձայնագիրը Վաշինգտոնում ստորագրել են Լիբանանի դեսպան Նադա Համադե Մուավադը և Իսրայելի դեսպան Եխիել Լեյթերը՝ ԱՄՆ պետքարտուղարությունում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն համաձայնագիրը որակել էր որպես «առաջին քայլ» բարդ, բայց անհրաժեշտ գործընթացում։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ համաձայնագիրը թույլ կտա լիբանանյան բանակին սկսել տարածքների վերահսկողության կազմակերպումը, սակայն նշել էր, որ իսրայելական ուժերը կարող են շարունակել մնալ Լիբանանի հարավում, եթե «Հեզբոլլահը» չզինաթափվի։
AP-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն աջակցելու է համաձայնագրի իրականացմանը Լիբանանի հարցով նորաստեղծ ռազմական համակարգման խմբի միջոցով և նախատեսում է հատկացնել 100 մլն դոլարի մարդասիրական օգնություն։ Reuters-ը նաև հաղորդել է, որ Վաշինգտոնը մտադիր է ավելի քան 30 մլն դոլար ուղղել Լիբանանի զինված ուժերի կարողությունների ամրապնդմանը՝ Լիբանանի տարածքում ինքնիշխան վերահսկողության վերականգնման նպատակով։
Հունիսի 26-ին Իսրայելն ու Լիբանանը շրջանակային համաձայնագիր էին ստորագրել Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ։ ԱՄՆ-ի հովանու ներքո լիբանանա-իսրայելական բանակցությունների հինգերորդ փուլն ընթացել էր Վաշինգտոնում հունիսի 23-25-ը:
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 2-ին ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր, Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել էր 4230 մարդ, վիրավորվել՝ 12 179-ը։ Մարտերի ընթացքում զոհվել էր 32 իսրայելցի զինվոր և քաղաքացիական 4 անձ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը և Միացյալ Նահանգները Շվեյցարիայում կայացած բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել Լիբանանում Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև մարտական գործողությունները դադարեցնելու մեխանիզմի շուրջ։






































