Հայաստանի Թալին քաղաքից 10-ամյա Դավիթ Աբրահամյանն ստացել է Գինեսի ռեկորդների վկայականն ու մեդալը, հայտնում է The Armenian Report-ը։
Վկայականն ու մեդալը Դավիթին հունիսի 26-ին է հանձնել Գինեսի ռեկորդների բազմակի ռեկորդակիր Ռոման Սահրադյանը։ Վերջինս նշել է, որ նույն կարգում նախորդ ռեկորդը պատկանել է 7-ամյա Նարեկ Գլջյանին։
Պարբերականի տվյալներով՝ Դավիթը մեկ րոպեում մեկ ոտքով 191 ցատկ է կատարել ժամում 6,5 կմ արագությամբ շարժվող վազքուղու վրա։ Նա գերազանցել է նախորդ ռեկորդը, որը կազմում էր 183 ցատկ։
Սահրադյանը նաև նշել է, որ հունիսի 29-ին Թալինում նախատեսվում է նոր մարզական միջոցառում, որի ընթացքում 14 պատանի մարզիկներ կփորձեն սահմանել 17 նոր ռեկորդ, այդ թվում՝ Գինեսի 7 ռեկորդ։
Գինեսի ռեկորդների պաշտոնական կայքի տվյալներով՝ ռեկորդը Աբրահամյանը սահմանել էր 2025 թվականի օգոստոսի 23-ին՝ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում։






































