Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Նշվում է, որ իսպանացի մասնագետն արդեն բուժում է ստանում։
ՀՖՖ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնել Կապարոսին՝ մաղթելով ուժ, տոկունություն և շուտափույթ ապաքինում։
«Վստահ ենք, որ նրա ուժեղ կամքն ու մարտական բնավորությունը կօգնեն հաղթահարել այս փորձությունը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։
Կապարոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերին։ Մադրիդի «Ռեալի» սան է, որտեղ առաջին քայլերն է արել ֆուտբոլում։ Երեք տարբեր ակումբներում հանդես գալուց հետո ավարտել է ֆուտբոլիսի կարիերան և 26 տարեկանում դարձել մարզիչ։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավորել է 2020-2022 թվականներին՝ այդ պաշտոնում փոխարինելով Աբրահամ Խաշմանյանին։






































