Հունվարի 31-ից աշխատավարձերի բարձրացման պահանջով մեկնարկած ակցիայի և գործադուլի ֆոնին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (ԶՊՄԿ) 8 աշխատակցի ազատել են աշխատանքից։
«Ընկերությունն սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող ու կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց՝ խստորեն պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները»,- ասված է ԶՊՄԿ հայտարարության մեջ։
Ութ աշխատակիցների թվում են Շավարշ Մարգարյանը, Կարեն Արշակյանը, Վահե Մխիթարյանը, Գոռ Բաբաջանյանը, Վահե Բաբաջանյանը, Արթուր Բաբաջանյանը, Կարեն Անդրեասյանը և Տիգրան Աթայանը, որոնք մասնակցում են գործադուլին։
ԶՊՄԿ-ում հայտարարել են, որ այս պահից նրանց հայտարարությունները կրում են «մասնավոր բնույթ»։
Աշխատանքից բացակայող մյուս աշխատակիցներին ընկերությունը հորդորել է «օգտագործել այս հնարավորությունը և իրենց հերթափոխին ներկայանալ աշխատավայր, կատարել իրենց աշխատանքային պարտականությունները»:
Հունվարի 31-ից ԶՊՄԿ-ի մի շարք աշխատակիցներ գործադուլի միջոցով պահանջում են աշխատավարձերի 50%-ով բարձրացում և վերադասի հետ բաց երկխոսության ապահովում:
Փետրվարի 1-ին կոմբինատի մամուլի խոսնակ Արայիկ Մարգարյանն Armenia Today-ին ասել էր, որ հունվարից ուժի մեջ է մտել ընկերության կողմից աշխատավարձերի հավասարեցման համապատասխան որոշումը, ինչը դժգոհություն է առաջացրել։
«Նույն աշխատանքը կատարող մի շարք աշխատակիցներ տարիներ շարունակ ստացել են տարբեր չափի աշխատավարձ։ Ընկերության տնօրինությունը որոշել է հավասարեցնել աշխատավարձերը, ինչի արդյունքում բոլորի մոտ աշխատավարձի բարձրացում է տեղի ունեցել։ Սակայն, բնականաբար, առավել ցածր վարձատրվողի աշխատավարձը բարձրացել է ավելի շատ, քան բարձր ստացողինը»,- պարզաբանել էր խոսնակը։
Մարգարյանը տեղեկացրել էր, որ դժգոհություն է արտահայտել 150 աշխատակից՝ պահանջով, որ բոլորի աշխատավարձն անխտիր բարձրանա 50%-ով։
ԶՊՄԿ-ն 2024 թվականի արդյունքներով գլխավորել էր Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ 2024 թվականի դեկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԶՊՄԿ-ն ՀՀ պետական բյուջե էր փոխանցել 33,25 մլրդ դրամ՝ որպես կառավարության շահաբաժին։