Իրանն ԱՄՆ-ի հետ միջանկյալ համաձայնագրի ստորագրումից հետո անհապաղ քայլեր կձեռնարկի Հորմուզի նեղուցը վերաբացելու համար և կկարողանա առանց սահմանափակումների նավթ վաճառել, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով համաձայնագրի արտահոսած պատճեններին և պաշտոնյաներին։
Գործակալության փոխանցմամբ՝ փաստաթուղթը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում, ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսում, ինչպես նաև Հորմուզի նեղուցի վերաբացում։
ԱՄՆ-ն ժամանակավորապես արտոնություններ կտրամադրի պատժամիջոցների ռեժիմից, ինչը թույլ կտա Իրանին ազատորեն նավթ վաճառել։ Իրանի նկատմամբ որոշ զիջումներ, այդ թվում՝ պատժամիջոցների ամբողջական վերացումը և սառեցված ակտիվների ազատումը, պետք է իրականացվեն աստիճանաբար և կապվեն միջուկային բանակցությունների առաջընթացի հետ։
Գործակալությունը գրում է, որ համաձայնագիրը նաև նախատեսում է առնվազն $300 մլրդ Իրանի հետպատերազմյան վերականգնման համար։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ այդ գումարը կներդնեն Պարսից ծոցի արաբական երկրները։ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն այդ միջոցները չի տրամադրի։
Համաձայնագիրը նախատեսում է նաև ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակման վերացում և Հորմուզի նեղուցի վերադարձ նախապատերազմական երթևեկության մակարդակին 30 օրվա ընթացքում։
AP-ն նշում է, որ Սպիտակ տունը և Իրանը պաշտոնապես չեն հրապարակել համաձայնագրի պայմանները։ Սպիտակ տան հաղորդակցության տնօրեն Սթիվեն Չունգը հայտարարել է, որ հրապարակված արտահոսած տարբերակը չի արտացոլում համաձայնագրի իրական ձևակերպումները։
Միջանկյալ համաձայնագիրը 60-օրյա ժամկետ է սահմանում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման շուրջ բանակցությունների համար։ Փաստաթղթում Իրանը կրկնում է, որ երբեք միջուկային զենք չի ստեղծի։
Հունիսի 15-ին Իրանի և ԱՄՆ-ի միջև Պարսից ծոցում պատերազմի ավարտի մասին հուշագրի վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որի պաշտոնական ստորագրումը նախատեսված է հունիսի 19-ին Ժնևում։





































