Գլխավոր դատախազությունը հայտարարել է «Արարատցեմենտ» ընկերության անվամբ 457,79 հա մակերեսով հողամասի վարձակալության իրավունքի պետական գրանցման գործընթացում հայտնաբերված խախտումների մասին:
Գերատեսչությունը պնդում է, որ հայտնաբերել է հանցագործության հատկանիշներ և հունիսի 16-ին համապատասխան հաղորդում է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե:
Միևնույն ժամանակ, դատախազությունը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտի» անունով ձևակերպված հողամասի վարձակալության իրավունքի պետական գրանցումը:
Մայիսի 20-ի քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր «Արարատցեմենտը» վերահսկողության տակ վերցնելու մասին։ ԱԺ քարոզարշավին մասնակցող Ծառուկյանն, արձագանքելով, նշել էր, որ տեղյակ է իշխանության նպատակների մասին, սակայն ունեցվածքը կորցնելուց չի վախենում։
ԲՀԿ-ից հայտարարել էին, որ բացի գործընթացի նախընտրական բնույթից, իշխանությունն այս քայլով կատարում է ադրբեջանական ցեմենտ ՀՀ ներմուծելու՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջը։
Փաշինյանի հայտարարությունից հետո ընկերությանն առնչվող ենթադրյալ այլ խախտումների մասին դատախազությունը հաղորդագրություն էր տարածել։ Երկու տարբեր դրվագով 2 հաղորդում էր ներկայացվել ՀԿԿ, 1-ի մասով նախաձեռնված քրվարույթ կա։




































