Կառավարությունը նախատեսում է երեք նոր խոշոր համայնքների ձևավորում Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում:
Նախագծի համաձայն՝ Լոռու մարզում Ստեփանավան խոշորացված համայնքը կմիավորի Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները (20 բնակավայր): Սյունիքի մարզում Գորիս համայնքը կմիավորի Տաթև և Տեղ համայնքները (28 բնակավայր), իսկ Վայոց ձորի մարզում Եղեգնաձորին կմիանան Արենի և Եղեգիս համայնքները (32 բնակավայր):
Ըստ նախագծի՝ 2016 թվականից իրականացվել է համայնքների միավորման 96 ծրագիր, ինչի արդյունքում 908 համայնքների միավորումից ձևավորվել է 63 համայնք: Փաստաթղթում ընդգծվում է «շրջանային» մոդելի առավելությունը «փնջայինի» նկատմամբ՝ վկայակոչելով 2018-2021 թվականների հանրային քննարկումների արդյունքները, որտեղ բնակչությունը հակված էր հենց այդ մոդելին:
Փոփոխությունները կարգավորում են միավորված համայնքներում ավագանու նոր ընտրությունների անցկացման ժամկետները: Միավորվող համայնքների ՏԻՄ-երի լիազորությունները կդադարեցվեն վաղաժամկետ, իսկ նորընտիր ավագանիները լիազորությունները կստանձնեն ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո՝ 5-րդ օրը: Ընտրությունների օրը կնշանակի մարզպետը՝ համաձայնեցնելով ԿԸՀ-ի հետ:



































