Հունվարի 19-ից՝ հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո, Իսրայելի կողմից Գազայում արձանագրվել է հրադադարի խախտման ավելի քան 270 դեպք, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Գազայի հատվածի կառավարության մամուլի ծառայության տնօրեն Իսմայիլ ալ Սավաբտային։
«Իսրայելի բանակը խախտել է հրադադարը և թույլ է տվել ավելի քան 270 խախտում»,- ասել է նա:
Փետրվարի 10-ին ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ Իսրայելի կողմից հրադադարի մասին համաձայնագրի խախտումների պատճառով հետաձգել է Գազայի հատվածում պահվող պատանդների նոր խմբի ազատման գործընթացը: Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել էր մինչև փետրվարի 15-ի կեսօր ազատ արձակել բոլոր պահվող պատանդներին՝ հայտարարելով, որ եթե պահանջը չկատարվի, ապա «դժոխք կբռնկվի»։
Հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Համաձայնագիրը նախատեսում էր հրադադարի նախնական փուլ 6 շաբաթ ժամկետով և ներառում էր Գազայի հատվածից իսրայելական զորքերի աստիճանական դուրսբերում, իսրայելցի պատանդների ազատ արձակում՝ Իսրայելի կողմից պահվող պաղեստինցի բանտարկյալների դիմաց: Պայմանավորվածության առաջին փուլը նախատեսում էր 33 իսրայելցի պատանդների ազատում, ներառյալ՝ բոլոր կանանց, երեխաներին և 50 տարեկանից բարձր տղամարդկանց: Այս փուլում արդեն ազատ է արձակվել 21 պատանդ։