Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է պատարագից առաջ բոլոր եկեղեցիներում հնչեցնել ՀՀ օրհներգը։
«301 թվականին Հայ Առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ՝ 10։55, բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը»,- Ֆեյսբուքում գրել է Փաշինյանը։
Վարչապետն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Նա հաստատել էր, որ պատարագներից առաջ նաև Ազգային անվտանգության ծառայությունն է միջնորդում չհնչեցնել կաթողիկոսի անունը։
Այս պահի դրությամբ՝ կալանքի տակ է 4 սրբազան՝ Բագրատ Գալստանյանը, Միքայել Աջապահյանը, Արշակ Խաչատրյանը, Մկրտիչ Պռոշյանը։ Կալանքի տակ են նաև Գարեգին Երկրորդի եղբայրն ու եղբորորդին։































