Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն դեկտեմբերի 10-12-ը հրավիրել է Եպիսկոպոսաց ժողով, հայտնում են Մայր Աթոռից:
«Ի հետևումն նոյեմբերի 4-7-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում տեղի ունեցած քննարկումների՝ դեկտեմբերի 10-12-ը հրավիրվում է Եպիսկոպոսաց ժողով՝ քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր»,- ասվում է հայտարարության մեջ։
Եկեղեցու եպիսկոպոսներից ու արքեպիսկոպոսներից մի քանիսը նոյեմբերի 27-ին հանդիպել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ հանդիպմանը նախորդել էր, ըստ իշխանական ԶԼՄ-ների, 9 արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարություն, որտեղ նրանք, նկատի ունենալով Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերը, կոչ էին արել «մաքրել եկեղեցին սրբապիղծ հոգևորականից» և «խստագույնս դատապարտել» կաթողիկոսի դիրքորոշումը: Ապա ևս մեկ հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով Գարեգին Երկրորդին հրաժարական տալ ու նոր ընտրություններ կազմակերպել: Արշակ արքեպիսկոպոսն այսօր կայացած ասուլիսին ասել էր, որ կաթողիկոսը նման քայլի չի գնա՝ դավաճանություն որակելով հոգևորականների քայլերը:





































