ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները կոչ են արել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։ Հայտարարությունը տարածել է «Հայկական ժամանակ»-ը։
«Ակնկալում ենք, որ կաթողիկոսը, ի սեր մեր եկեղեցու և մեր ժողովրդի, սթափ կգնահատի ստեղծված իրավիճակը, չի տանի մեր ազգն ու մեր եկեղեցին ավելորդ ցնցումների, կամովին հանգստյան կկոչվի և այդ կերպ հնարավոր կլինի նոր ընտրություններ կազմակերպելու»,- ասվում է հայտարարության մեջ:
Նրանք քննադատել են կաթողիկոսի գործունեությունը և նշել, որ նրա «ներկայիս ընթացքը հակականոնական, վտանգավոր, վնասակար և կորստաբեր է և չի կարող այլևս շարունակվել»։
Հոգևորականները դիմել են նաև Երուսաղեﬕ և Կոստանդնուպոլսի պատրիարքներին՝ «որպես եկեղեցու բարձրաստիճան գահակալներ և ժողովների ատենապետներ, գլխավորել կամ առնվազն կոչ ուղղել, միանալ ու նպաստել՝ ստեղծված իրավիճակից շուտափույթ ելք գտնելու համար»:
Հայտարարությունն ստորագրել է 10 հոգևորական։
Փաշինյանը նոյեմբերի 27-ին հանդիպել էր եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ, որոնք նախկինում, ըստ իշխանական լրատվամիջոցների, ստորագրել էին Մայր Աթոռի դիվանապետին դատապարտող հայտարարություն: Հանդիպմանը մասնակցել էին արքեպիսկոպոսներ Աբրահամ Մկրտչյանը, Առաքել Քարամյանը, Վազգեն Միրզախանյանը, եպիկոպոսներ Անուշավան Ժամկոչյանը, Վրթանես Աբրահամյանը, Նավասարդ Կճոյանը, Առաքել Տիգրանյանը, Գևորգ Սարոյանը։
Եպիսկոպոսները կոչ էին արել «մաքրել եկեղեցին սրբապիղծ հոգևորականից» և «խստագույնս դատապարտել» կաթողիկոսի դիրքորոշումը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը հայտնել էր, որ եպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարությունը խեղաթյուրումներով շարադրված տեքստ է։
Նոյեմբերի 28-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ անցկացված Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողովի մասնակիցները հայտարարության տակ ստորագրած 9 եպիսկոպոսին հորդորել էին վերադառնալ կանոնական դաշտ՝ իրենց մտահոգություններն արծարծելով եկեղեցու բարձրագույն ժողովական մարմիններում և չխեղաթյուրել եկեղեցու միաբանությունը։




































