Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տեր Պարթև եպիսկոպոս Բարսեղյանն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին խնդրել է հրավիրել հրատապ ժողով՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու եպիսկոպոսաց դասի մասնակցությամբ:
Նա հորդորել է հատկապես եկեղեցու սպասավորներին դադարեցնել բարձրաստիճան եկեղեցականների հասցեին հնչեցվող վիրավորանքները:
Պարթև սրբազանը նաև կողմ է արտահայտվել Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ծառայությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ վերջինիս հարցով ստեղծված հանձնախմբի՝ կաթողիկոսին ներկայացրած առաջարկությանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27-ին հանդիպել էր եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ, որոնք նախկինում, ըստ իշխանական լրատվամիջոցների, ստորագրել էին Մայր Աթոռի դիվանապետին դատապարտող հայտարարություն: Հանդիպմանը մասնակցել էին արքեպիսկոպոսներ Աբրահամ Մկրտչյանը, Առաքել Քարամյանը, Վազգեն Միրզախանյանը, եպիկոպոսներ Անուշավան Ժամկոչյանը, Վրթանես Աբրահամյանը, Նավասարդ Կճոյանը, Առաքել Տիգրանյանը, Գևորգ Սարոյանը։
Եպիսկոպոսները կոչ էին արել «մաքրել եկեղեցին սրբապիղծ հոգևորականից» և «խստագույնս դատապարտել» կաթողիկոսի դիրքորոշումը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը հայտնել էր, որ եպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարությունը խեղաթյուրումներով շարադրված տեքստ է։
Նոյեմբերի 28-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ անցկացված Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողովի մասնակիցները հայտարարության տակ ստորագրած 9 եպիսկոպոսին հորդորել էին վերադառնալ կանոնական դաշտ՝ իրենց մտահոգություններն արծարծելով եկեղեցու բարձրագույն ժողովական մարմիններում և չխեղաթյուրել եկեղեցու միաբանությունը։





































