Երևանի թիվ 95 միջնակարգ դպրոցում աշակերտների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից:
Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով (անչափահասի նկատմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը):
Shamshyan.com-ն ավելի վաղ հայտնել էր, որ ոստիկանությունը Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի Ղևոնդ Ալիշանի անվան դպրոցից խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկել ուժային կառույցներից մեկում որպես պետ աշխատող փոխգնդապետին ու նրա եղբորը: Ըստ կայքի՝ նոյեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մտել է դպրոց, բարձրացել 2-րդ հարկ, մտել 8 «Բ» դասարան ու խաթարել դասապրոցեսը։
Կայքի տեղեկություններով՝ Նուբարաշենի բնակիչ 41-ամյա Մելիք Գ.-ն դպրոցի ներսում 5-10 րոպե գոռգոռացել է ուսուցիչների և աշակերտների վրա, իսկ երբ ոստիկանները նրան տեղափոխել են, բակում կանգնած 39-ամյա Սերյոժա Գ.-ն ծնողների և աշակերտների ներկայությամբ հնչեցրել է հայհոյանքներ, փորձել է խոչընդոտել ոստիկանության ծառայողների աշխատանքը, ինչից հետո նրան նույնպես ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Նուբարաշենի բաժին: Ըստ կայքի՝ ձերբակալվածները եղբայրներ են։





































