Կառավարությունը 3 մլրդ դրամ լրացուցիչ գումար կտրամադրի Երևանի քաղաքապետարանին՝ 45 նոր տրոլեյբուսի ձեռքբերման ծրագրի ֆինանսավորումն ապահովելու համար, նախագծին գործադիրը հավանություն է տվել նոյեմբերի 27-ի նիստում։
Առաջարկը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն է։ Նախագծի հեղինակներն իրենց առաջարկը հիմնավորել են Երևանի քաղաքային բյուջեում 2025 թվականին ձևավորված շուրջ 5,5 մլրդ դրամի թերհավաքագրմամբ, որի պատճառը հանրային տրանսպորտի ուղեվարձերից ստացվող եկամուտների նվազումն է։ Նշվում է, որ նախատեսված 21,3 մլրդ դրամի փոխարեն հավաքագրվել է մոտ 12,8 մլրդ դրամ։
Ըստ նախագծի հեղինակների՝ թերհավաքագրումը բարդացրել է նաև 45 նոր տրոլեյբուսի ձեռքբերումը, որի ֆինանսավորումն ուղեվարձային եկամուտներից էր ձևավորվելու։
«Պայմանագրային արժեքի 30%-ն արդեն ապահովվել է կառավարության կողմից, սակայն լիարժեք իրականացման համար անհրաժեշտ է նաև մնացած 70%-ի վճարումը, որը քաղաքապետարանը ներկայումս չի կարող ապահովել սեփական բյուջեից»,- նշել են նախագծում։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 45 նոր տրոլեյբուսի ձեռքբերման ծրագրի մասին հայտնել էր հունվարին։
Կարդացեք նաև՝
Թերհավաքագրումների հետևանքով 45 տրոլեյբուսից 30-ը հնարավոր չի լինի գնել․ Հայկ Կոստանյան






































