Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը շարունակվում է, սակայն խաղաղության համաձայնագրի ստորագրման կոնկրետ ժամկետներ չկան, ԱԺ-ում լրագրողներին հայտնեց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
Նա նշեց, որ չնայած կանոնավոր շփումներին՝ դեռևս վաղաժամ է հայտարարել ամսաթվերի կամ ժամանակացույցերի մասին։ Նա նաև հրաժարվեց բացահայտել սահմանների սահմանազատման գործընթացի մանրամասները՝ ընդգծելով, որ աշխատանքներն իրականացվում են երկկողմ հանձնաժողովների շրջանակներում, որոնք բոլոր արդյունքները տարածում են պաշտոնական հայտարարություններում։ Նա նաև չմանրամասնեց TRIPP-ի շրջանակում Սյունիքում սահմանազատումը շարունակելու մասին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությունը։
Սաֆարյանը տեղեկացրեց, որ այս փուլում TRIPP-ի («Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի»-խմբ.) շրջանակում քննարկվում է հայ-ամերիկյան ընկերություն ստեղծելու հարցը։ Նա չմեկնաբանեց նախագծին Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ հարցը՝ նշելով, որ կարող է մեկնաբանել միայն այն, ինչ օրակարգում է։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP տրանսպորտային երթուղի:
Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:




































