Trump Route for International Peace and Prosperity (TRIPP) նախագծի իրականացմանն աջակցելու համար կարող է հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածների արագացված դելիմիտացիայի անհրաժեշտություն առաջանալ: Այս մասին ՀՀ խորհրդարանում Կառավարության ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունից հետո դելիմիտացիայի հարցերի շուրջ քննարկումներն ավելի առարկայական են դարձել:
«Իհարկե, ավելի կոնկրետացան խոսակցություններն այն մասին, թե ենթակառուցվածքները ինչ դիրք կունենան, և դիրքից կախված՝ ո՞ր հատվածները մենք պիտի սահմանազատենք, որպեսզի նույնիսկ նախագծային աշխատանքներն սկսելու համար աշխատանքի բազա ունենանք։ Հնարավոր է, որ արտահերթ ինչ-որ սահմանազատվելիք հատվածներ ունենանք, որպեսզի TRIPP-ի ենթակառուցվածքային զարգացմանը նպաստենք, բայց առանձին, անկախ դրանից, մենք մեր գործընթացը, վստահ եմ, կշարունակենք»,- տեղեկացրել է փոխվարչապետը։
Նա տեղեկացրել է, որ իր և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի միջև շարունակվում են սահմանազատման ընթացքին վերաբերող աշխատանքային շփումները: Վերջին հանդիպումը, Գրիգորյանի խոսքով, տեղի էր ունեցել Հարավում և Ադրբեջանի տարածքում, որտեղ քննարկվել էին ենթակառուցվածքների և սահմանազատման հարցերը TRIPP-ի շրջանակներում: Նա շփումները կառուցողական է որակել ու հավելել, որ առաջիկայում տեղեկատվություն կլինի հաջորդ հանդիպման մասին:
Ավելի վաղ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներն անցկացրել էին սահմանազատման հանձնաժողովի տասներկուերորդ հանդիպումը: Կողմերը քննարկել էին ուղեցույցների նախագծերը, որոնցով կիրականացվեն երկու երկրի սահմանագծման համալիր աշխատանքները, ինչպես նաև հաջորդ նիստի կազմակերպչական հարցեր: Սեպտեմբերին տեղի էին ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների փոխայցելություններ Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններ և Զանգելանի շրջանի հարավային հատված՝ Գրիգորյանի և Մուստաֆաևի գլխավորությամբ։ Այցերը կազմակերպվել էին սահմանազատման, ականազերծման և երկրների միջև հաղորդակցությունների ստեղծման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման շարունակական ջանքերի շրջանակներում:




































