Իրանը պատրաստ է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ իր միջուկային ծրագրի վերաբերյալ, սակայն Թեհրանը պնդում է, որ այն պետք է լինի «հավասարակշռված» և հաշվի առնի երկու կողմերի շահերը, The Economist ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:
«Պատրաստ ենք բանակցությունների, բայց ոչ թելադրանքի: Մենք իսկապես բաց ենք համաձայնագրի համար, բայց արդար և հավասարակշռված, ոչ թե միակողմանի: Սա է խնդիրը»,- նշել է նախարարը:
Արաղչիի խոսքով՝ հունիսյան 12-օրյա պատերազմից առաջ Թեհրանը և Վաշինգտոնն անցկացրել են բանակցությունների հինգ փուլ, որոնք ԱՄՆ կողմից գլխավորել է ԱՄՆ խաղաղապահ առաքելությունների գծով նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիտկոֆը:
«Շատ մոտ էինք համաձայնագրի, լավ փոխզիջման: Ես չեմ ուզում մանրամասնել, բայց անհրաժեշտության դեպքում դա կանեմ մի օր»,- ասել է նա:
Նախարարն ընդգծել է, որ դրան հաջորդած Իսրայելի ռազմական արշավը, որին աջակցել էր Միացյալ Նահանգները, խաթարել է բանակցային գործընթացը:
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին: ԱՄՆ-ն հակամարտության մեջ էր մտել սրացումից ինը օր անց՝ հունիսի 22-ին հարվածելով Իրանում գտնվող երեք միջուկային օբյեկտի Ֆորդոյում, Սպահանում և Նաթանզում։ Հունիսի 23-ին Իրանը հարվածել էր Կատարի Ալ Ուդեյդ ավիաբազային, որը Մերձավոր Արևելքում ԱՄՆ ամենամեծ ավիաբազան է։ Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որն ուժի մեջ էր մտել հունիսի 24-ին։






































