Հայ-ամերիկյան կոմպոզիտոր և դոկումենտալիստ Մերի Կույումջյանը պատմական ձեռքբերում է գրանցել՝ նրա կամերային «Երկրպագություն» (Adoration) օպերան առաջադրվել է «Գրեմմի» մրցանակաբաշխության «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում, գրում է The Armenian Weekly-ն։
Սա առաջին դեպքն է, երբ հայկական օպերան ներկայացվում է այս անվանակարգում։ Թեկնածությունն առաջադրվել է 2026 թվականի «Գրեմմի» մրցանակների համար։ Ստեղծագործությունը պատմում է աշակերտի մասին, որի ահաբեկչական հարձակումների մասին գրած երևակայական պատմությունը դառնում է վարակիչ՝ բացահայտելով, թե ինչպես են վիշտը, ռասիզմը և մեդիայի աղավաղումները մթագնում իրականությունը։
Adoration-ը թվային ձևաչափով թողարկվել էր 2025-ի օգոստոսի 8-ին՝ Bright Shiny Things լեյբլի միջոցով և հասանելի է բոլոր հարթակներում։ Օպերան ստեղծվել է հայ-կանադական ռեժիսոր Ատոմ Էգոյանի համանուն ֆիլմի հիման վրա։ Լիբրետոն գրել է կանադացի դրամատուրգ Ռոյս Վավրեկը։ Ռեժիսորը Լեյն Ռեթմերն է, իսկ երաժշտական ղեկավարը՝ դիրիժոր Ալան Փիրսոնը։ Կույումջյանը նաև երաժշտություն է գրել Նյու Յորքի ֆիլհարմոնիկի, «Քրոնոս» քառյակի և երաժշտական այլ խմբերի համար, որոնք ելույթ են ունենում «Քարնեգի Հոլում», «Լինքոլն» կենտրոնում և «Մետրոպոլիտեն» արվեստի թանգարանում:
Օպերայի գլխավոր հերոսը՝ Սայմոնը, ծնողազուրկ դպրոցական է, որն ուսուցչից հանձնարարություն է ստանում՝ ստեղծագործական գրավոր աշխատանքի համար հորինված պատմություն գրել իրական ահաբեկչական հարձակման հիման վրա՝ ներկայացնելով այն որպես իր ծնողների կատարած գործողություն։ Պատմությունն արագ տարածվում է համացանցում, և Սայմոնը փորձում է ստեղծված հիստերիայի ֆոնին ցույց տալ անհանդուրժողականության և ռասիզմի խնդիրները։ Օպերան ներկայացնում է երկու զուգահեռ պատմություն՝ հորինված դավաճանության ու ահաբեկչության, իրական ընտանեկան խնդիրների պատմություն, որոնք վերջում միավորվում են:






































