«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Երևանում հանդիպել է ԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի (USCIRF) փոխնախագահ Ասիֆ Մահմուդին և «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) կազմակերպության ներկայացուցիչ Ջոն Էիբներին, ներկայացրել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ՀՀ իշխանությունների և Հայ Առաքելական եկեղեցու միջև լարվածության ֆոնին, հայտնել է Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում։
Կարապետյանը նշել է, որ հյուրերի հետ շրջել է Երևանում, ապա գրասենյակում զրուցել հայաստանյան իրադարձությունների և ժողովրդավարության կապի բացակայության մասին։
Նոյեմբերի 14-ին «Աղոթքի նախաճաշի» մասնակիցները կոչ էին արել Հայաստանի իշխանություններին ազատ արձակել Հայ Առաքելական եկեղեցու ձերբակալված հոգևորականներին՝ արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանին, Միքայել Աջապահյանին և եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանին։
Հունիսին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո: Դատարանն օգոստոսի 15-ին երկու ամսով երկարացրել էր նրա կալանքը։ Ավելի ուշ Վերաքննիչ դատարանը մերժել էր փաստաբանների բողոքը խափանման միջոցը փոխելու վերաբերյալ՝ գործարարի կալանքն ուժի մեջ թողնելով մինչև հոկտեմբեր: Դատարանը հոկտեմբերի 16-ին 30 օրով երկարաձգել էր նրա կալանքի ժամկետը: Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել Հակակոռուպցիոն դատարանի որոշումը։
Նոյեմբերի 13-ին ՔԿ-ն Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդություն էր ներկայացրել։




































