ԱՄՆ Սենատում ներկայումս քննարկվում է հանրապետականների և դեմոկրատների միջև կնքված համաձայնագիրը, որը հնարավորություն կտա դադարեցնել շաթդաունը (ԱՄՆ կառավարության գործունեության դադարեցում-խմբ.) և վերականգնել կառավարության աշխատանքը, հաղորդում է New York Times-ը:
Շաթդաունն սկսվել էր հոկտեմբերի 1-ից, քանի որ Կոնգրեսը չէր կարողացել համաձայնության գալ դաշնային գերատեսչությունների ֆինանսավորման երկարաձգման մասին օրենքի շուրջ։
Լրատվամիջոցի տվյալներով՝ Սենատում ձեռք է բերվել երկու կուսակցության համաձայնություն՝ կառավարության ֆինանսավորումն ապահովելու մինչև հունվարի 30-ը։ Համաձայնագիրը ներառում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հրամանագրերի չեղարկումը, որոնք վերաբերում էին դաշնային ծառայողների աշխատանքից ազատմանը, ինչպես նաև դրույթներ, որոնք կանխելու են նմանատիպ գործողություններն ապագայում։ Այն թույլ կտա աշխատանքի վերադարձնել շաթդաունի հետևանքով ազատված պետական ծառայողներին։
Բացի այդ, օրինագիծը նախատեսում է միջոցներ հատկացնել՝ շաթդաունի ընթացքում հարկադիր չվճարվող արձակուրդի ուղարկված պետական պաշտոնյաների վարձատրությունը հետին թվով վճարելու համար, ինչպես նաև սննդային կտրոնների ծրագրի ֆինանսավորումը մինչև 2026 ֆինանսական տարվա ավարտը (սեպտեմբերի 30)։
Դեմոկրատների պահանջած մատչելի բժշկական ապահովագրության վերաբերյալ օրինագծի քվեարկությունը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերին։
Պարբերականը գրում է, որ «սենատում դեմոկրատական խմբակցության բավականին անդամներ կան, որպեսզի առաջ տանեն համաձայնագիրը և վերջ տան կառավարության 40-օրյա փակումը»։
ԱՄՆ նախագահն էլ լրագրողներին ասել է. «Թվում է՝ մոտենում ենք շաթդաունի ավարտին։ Շատ շուտով այդ մասին կիմանաք»։






































